Ֆորումի մասին

Ֆորումի մասին

Տեղական ժողովրդավարության արդի հիմնահարցերին նվիրված «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովի նպատակն է Հայաստանում  տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակ ձևավորել՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ասոցիացիաների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետների:

Հեռահար նպատակն է տեղական ժողովրդավարության հարցերով այսօրինակ համաժողովը վերածել ամենամյա միջոցառման` Հայաստանում տեղական ժողովրդավարության դերակատարների ու ջատագովների մասնակցությամբ քննարկելու և լուծումներ առաջարկելու տեղական ինքնակառավարման և դրա զարգացման արդիական հիմնահարցերի ու մարտահրավերների վերաբերյալ:

Առաջին համաժողովը նպատակ ունի երկու թեմատիկ նիստերի միջոցով ստեղծել բաց քննարկման ու կարծիքների փոխանակման հարթակ: Թեմատիկ քննարկումներից առաջինը նվիրված է տեղական իշխանությունների լիազորությունների ապակենտրոնացման, իսկ երկրորդը՝ ֆինանսական ապակենտրոնացման հարցերին: Քննարկման կազմակերպման Դավոսյան ձևաչափը հնարավորություն կտա նիստերի բանախոսների կարճ ելույթներից հետո ինտերակտիվ քննարկում ծավալել բանախոսների ու մասնակիցների միջև:  Թեմատիկ քննարկումների բանախոսները ոլորտի փորձագետներ են, տեղական և ազգային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև  միջազգային փորձագետներ և Եվրոպայի խորհրդի անդամ երկրի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Տեղական ինքնակառավարման մարմինների օր

Ամեն տարի նոյեմբերի 10-ին Հայաստանը տոնում է Տեղական ինքնակառավարման օրը: Համաժողովը կեզրափակվի Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվան և Հայաստանի համայնքների միության կազմավորման 20-ամյակին նվիրված արարողությամբ, որի ընթացքում տեղի կունենա Լավագույն համայնք մրցանակաբաշխությունը: